AM
21 March 2012 - 08:32 AMT

Բագրատ Ենգիբարյան. Աշխատելով ԱՏԳ-ում՝ ՏՏ ոլորտի հայ արտադրողներն առավել մրցունակ կլինեն

Հայաստանում արտադրվող ՏՏ ոլորտի արտադրանքի 70 տոկոսն արտահանվում է, ոսւտի աշխատելով Ազատ տնտեսական գոտում, այդ ընկերությունները լուրջ մրցակցային առավելություն կստանան: Այս մասին մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը «Հայաստանում Ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարները եւ հնարավոր հետեւանքները բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների համար» թեմայով քննարկման ժամանակ:

Ենգիբարյանը օրինակ է բերել հարևան և այլ երկրները, որոնք բարենպաստ դաշտ են ստեղծում իրենց ձեռնարկությունների համար, այդ թվում նաև նվազեցնելով բյուրոկրատական քաշքշուկը ներմուծման ու արտահանման ոլորտում:

Ըստ Բագրատ Ենգիբարյանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ քննարկում է ԱՏԳ-ին նաև այն ձեռնարկությունների մասնակցության հարցը, որոնք զբաղվում են ոչ միայն սարքավորումներ հավաքելով, այլ ծրագրային փաթեթներ են մշակում:

Հունիսի 21-ին ՀՀ նախագահը ստորագրեց «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքը, որը նոր իրավական ռեժիմ է ապահովում տնտեսական գործունեության համար և ուղղված է բարենպաստ տնտեսական մթնոլորտի ձևավորմանը, արտահանման խնդիրների լուծմանն ու արտահաման ուղղվածության ձեռնարկությունների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Առաջիկա տարիներին Հայաստանում 2-3 ազատ տնտեսական գոտի կձևավորվի գյուղատնտեսության, արդյունաբերական-նորարարական և ոսկերչության ոլորտներում: