Ազատ տնտեսական գոտիների աշխատանքը պետք է դիտարկել ոչ թե աեանձին, այլ տեղեկատվական ձեռնարկատիրության զարգացման համատեքստում, կարծում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ նրանք կկարողանան աշխատել միասին, որտեղ տեղի կունենա ինֆորմացիայի փոխանակում, սնուցում»,-ասաց նա մարտի 21 Երևանում «Հայաստանում Ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարները եւ հնարավոր հետեւանքները բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների համար» թեմայով քննարկման ընթացքում:
Անդրադառնալով «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքին, Կարեն Վարդանյանը կարևորել է խաղի կաոնների հաստատումն արագացնելու անհրաժեշտությունը ԱՏԳ կազմակերպողի կողմից, ինչը թույլ կտա շահագրգռել ոչ միայն արտասահմանյան ներդրողներին, այլ նաև տեղական ՏՏ-ընկերություններին:
Այս առնչությամբ նա ներկայացրել է Թուրքիայի փորձը, որտեղ ԱՏԳբաժանվում են երեք հիմնական խմբերի: Առաջին հերթին` մոտ 39 տեխնոպարկեր, որոնցից 27 արդեն գործում են, ևս 12-ի հայտերն արդեն հաստատված են: Դրանց մեծ մասը գործում է պատմական Հայաստանի տարածքում` Էրզրումում, Տրապիզոնում և այլն:
ԻՏՁՄ ղեկավարի խոսքով, երկրորդ կատեգորիան ներառում է արտադրական ԱՏԳ-ները, որոնց քանակը մոտ 150 է: Այս ընկերությունների հարկերը կրճատվել են մոտ 50 տոկոսով: Երրորդ ուղղությունը մաքսային գոտին է, որի նման նախատեսվում է ստեղծել «Զվարթնոց» օդանավակայանում:
Հունիսի 21-ին ՀՀ նախագահը ստորագրեց «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքը, որը նոր իրավական ռեժիմ է ապահովում տնտեսական գործունեության համար և ուղղված է բարենպաստ տնտեսական մթնոլորտի ձևավորմանը, արտահանման խնդիրների լուծմանն ու արտահաման ուղղվածության ձեռնարկությունների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Առաջիկա տարիներին Հայաստանում 2-3 ազատ տնտեսական գոտի կձևավորվի գյուղատնտեսության, արդյունաբերական-նորարարական և ոսկերչության ոլորտներում: