AM
21 March 2012 - 11:34 AMT

Եթե Վրաստանը մտնի ՆԱՏՕ, Ջավախքը կբարձրացնի անկախության հարցը

Georgia Times-ին տված հարցազրույցում Ռուսաստանի ջավախահայերի առաջնորդ Աղասի Արաբյանը հայտարարել է, որ եթե Վրաստանը մտնի ՆԱՏՕ, ապա երկրում կտեղակայվի ՆԱՏՕ-ի ռազմակայանը, եթե ոչ ամերիկյան, ապա թուրքական: «Եթե թուրքերը մտնեն Վրաստան, մենք բնականաբար համաշխարհային հանրության առջև կդնենք անջատման հարցը»,- հայտարարել է Արաբյանը: «Ինչներիս է պետք պետությունը, որը հաշվի չի առնում բնիկ ժողովրդի կարծիքը»,- նշել է Ջավախքի ներկայացուցիչը: Նա ասել է, որ ի սկզբանե դրված չէ Վրաստանի կազմից Ջավախքի դուրս գալու հարցը, ջավախքցիներին պետք է ինքնավարություն միայն իրենց ներքին խնդիրները լուծելու համար, այն է՝ ժողվորդագրության, տնտեսության և մշակույթի հարցերը: Կհայտնվեն ներդրումներ, սփյուռքը կհամոզվի, որ ջավախահայերից չեն վտարում, և Ջավախքում կարելի է փողեր ներդնել»:

Մեկնաբանելով այն, որ Վրաստանի ԱԳՆ-ն ռուսական շահարկումներ է անվանել ջավախահայերի հայտարարությունները հայաբնակ երկրամասի առանձնանալու մասին, եթե Վրաստանը մտնի ՆԱՏՕ, Արաբյանն ասել է. «Մենք բազմիցս ասել ենք և կրկնում ենք, որ Ջավախքում, ինչպես նաև ողջ Վրաստանում չկա խոսքի ազատություն: Ով համարձակվում է խոսել Վրաստանի թերությունների մասին, մտնում է «սև ցուցակի» մեջ: Ես, օրինակ, այլևս չեմ կարող մեկնել հայրենիք: Ինձ ուղղակի չեն թողնում, առանց բացատրությունների»,- նշել է նա:

«Ջավախահայերի և կառավարության շահերի միջև հակասությունն ակնհայտ է, բայց պաշտոնական Թբիլիսին չունի ոչ ցանկություն, ոչ խիզախություն դա ընդունելու համար: Ահա և ստիպված է լինում սովորույթի համաձայն ամեն ինչ վերագրել «Կրեմլի բանսարկություններին»,- ասել է Արաբյանը: