ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցը շարունակում է հայրենի քաղաքական դաշտում լուրջ քննարկումների թեմա մնալ: Ու դրանք առավել հետաքրքիր դարձան, երբ նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը չգաղտնազերծեց ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի և Քոչարյանի «տետ-ա-տետ» զրույցի մանրամասները: Թերթի մոսկովյան աղբյուրները տեղեկացրին, որ Քոչարյանը Պուտինի մոտ բավականին դժգոհել է Սերժ Սարգսյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունից: Նա նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ներքաղաքական ակտիվություն դրսևորել, անգամ հանրահավաքներ անել, ինչը, սակայն, Վլադիմիր Պուտինի սրտով չի եղել: Վերջինս հորդորել է սպասել` նշելով, որ Սերժ Սարգսյանն իրեն խոստումներ է տվել:
«Ժողովուրդը», պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները, կրկին փորձել է տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն նա, ինչպես միշտ, չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին: Հավանաբար կարձագանքի կայքերի միջոցով:






