Բացելով կառավարության նիստը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է ներկրվող պատվաստանյութերի որակին, քանի որ այդ հարցով նրան են դիմել Արմավիրի գյուղերի բնակիչները: «Մենք վերահսկո՞մ ենք ներկրվող պատվաստանյութերը»,-հարցրել է նա գյուղնախարար Սերգո Կարապետյանին:
Այս հարցին նախարարը պատասխանել է, որ նման վերահսկողություն չկա, քանի որ կա ստուգման երկու եղանակ՝ առաջինը, համապատասխան լաբորատոր ստուգումն է, որի անցկացման համար անհրաժեշտ լաբորատորիա Հայաստանում չկա, երկրորդը, նմուշները Եվրոպա ուղարկելն է: Նախարարը հավելեց, որ այդպիսի լաբորատորիայի ստեղծումը մեծ ծախսեր է պահանջում, ուստի պատվաստանյութը ձեռք է բերվում համապատասխան լիցենզիա ունեցող եվրոպական ընկերություններից:
Այնուամենայնիվ, վարչապետը անհրաժեշտ համարեց գոնե պարբերաբար այդ պատվաստանյութերը ստուգման ուղարկել: Այդ առնչությամբ Սերգո Կարապետյանն ասել է, որ այս տարի դա կարելի է իրականացնել:






