AM
22 Մարտ 2012 - 10:33 AMT

Հայաստանի և Հունաստանի Հանրային խորհուրդները մտադիր են համագործակցել

Հայաստանի Հանրային խորհուրդը, որը գործում է ընդամենը մի քանի տարի, սովորելու շատ բան ունի Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդից, կարծում է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով, ինչպես Հայաստանի ՀԽ-ն, այնպես էլ Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհուրդը Տնտեսական և սոցիալական խորհուրդների և նման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի անդամներ են, սակայն «մենք ցանկանում ենք հաստատել նաև երկկողմանի համագործակցություն»: «Հունաստանի խորհրդի գործունեությունն ամրագրված է այդ երկրի սահմանդրությամբ և ուղղված է երեք ոլորտների խնդիրների լուծմանը՝ արհմիություններ, բիզնես, հասարակություն, մենք նրանցից սովորելու բան ունենք»,- նշել է նա՝ ելույթ ունենալով Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում, որի ուսանողները և դասախոսները կազմակերպել էին միջոցառում Հայաստանում «Հունաստանի օրեր» անցկացնելու առթիվ:

Մանուկյանը նշել է, որ մարտի 23-ին Երևանում կստորագրվի համագործակցության մասին համաձայնագիր Հայաստանի Հանրային խորհրդի և Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի միջև:

Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակությունը, որի կազմում են նրա նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը, ինչպես նաև գլխավոր քարտուղար Ապոստոլոս Քսիռաֆիսը, Հայաստանում է գտնվում երկօրյա այցով Հայաստանի ՀԽ հրավերով: