ՀՀ կառավարությունը «Արարատ սննդի կոմբինատ»ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2011 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012 թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2014 թ. նոյեմբերի 1-ը։
Ընկերությունը 2010 թ. հիմնել է եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով հագեցած բնական հյութի արտադրության գործարան ` ներդնելով ավելի քան 2 մլրդ դրամ։ Նախատեսված 40-ի փոխարեն ստեղծվել է մոտ 70 աշխատատեղ։
Այժմ ընկերությունը ծրագրում է ընդլայնել իր գործունեությունը` հիմնելով ապակյա տարայով բնական հյութի և նեկտարի, խոտաբույսի,հատապտղի և թեյի փաթեթավորման, ինչպես նաև գազավորված ըմպելիքի արտադրություն, իրականացնել մոտ 1.59 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 70-80 աշխատատեղ` 110 հազար դրամ միջին աշխատավարձով։
Այս առնչությամբ ՀՀ վարչապետը ընդգծել է, որ սա լավ օրինակ է այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են ներկրել սարքավորումներ և ընդլայնել իրենց արտադրությունը, որպեսզի նրանք ևս դիմեն կառավարությանը իրենց ներդրումային ծրագրով: Ընդ որում, Սարգսյանը հավելել է, որ հարկային նպաստներ ստացած ընկերությունները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում:






