Տնտեսական ակտիվության ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ նվազել է (98.3%)` պայմանավորված ծառայությունների ոլորտի արժեքներով: Այս ժամանակահատվածում ակտիվության աճ է գրանցվել արդյունաբերության, շինարարության և առևտրի ոլորտներում: Գալիք եռամսյակում առևտրի և շինարարության ոլորտներում կազմակերպություններն ակնկալում են աշխատողների թվաքանակի, ինչպես նաև ներդրումների աճ: Պահանջարկի նվազումը բոլոր ոլորտներում նշվել է որպես գործունեության ընդլայնմանը խոչընդոտող հիմնական գործոն:
Գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ աճել է՝ 104.9%: Միջավայրը բարելավվել է բոլոր ոլորտներում՝ բացառությամբ արդյունաբերության: Աճել են թե՛ փաստացի, թե՛ սպասման ենթաինդեքսները: Այնուամենայնիվ, գործարար միջավայրի պատասխանների հաշվեկշիռները ցածր են 50 կայուն մակարդակից: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:
ՍՎԻ-ն նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճել է 3.5%-ով, այն դեպքում, երբ նախորդ եռամսյակ գրանցվել էր նույն ցուցանիշի 5.3%-ով նվազում:
Ընթացիկ պայմանների ինդեքսն այս եռամսյակ նկատելիորեն աճել է (22.1%-ով):
Ընթացիկ պայմանների ինդեքսներից զգալի աճել են ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստի և ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականների ինդեքսները: Տնային տնտեսությունների խոշոր գնումներ իրականացնելու փաստի ինդեքսի 38.7%-ով աճին զուգահեռ արձանագրել ենք տնային տնտեսությունների եկամուտների ընդամենը 2.4%-ով աճ: Ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ինդեքսն աճել է 24.5%-ով:
Ապագա պայմանների ինդեքսը շարունակում է նվազել: Այս եռամսյակ այն նվազել է 7.4%-ով՝ նախորդ եռամսյակի 10.7% նվազման դիմաց:
Ապագա պայմանները գնահատող ինդեքսներից ամենամեծ նվազումը գրանցվել է գալիք եռամսյակում խոշոր գնումներ իրականացնելու ակնկալիքի ինդեքսի գծով՝ շուրջ 11% (նախորդ եռամսյակի 7% նվազման դիմաց): Գալիք եռամսյակում եկամուտների փոփոխության սպասումները նվազել են 8.9%-ով (նախորդ եռամսյակում այս սպասումների անկումն ավելի խորն էր` 17.2%): Մի փոքր նվազել է նաև գալիք եռամսյակում ընտանիքի զբաղվածության փոփոխության սպասման ինդեքսը (2.5%):






