
Այսօր՝ 21-րդ դարի գերարագ կյանքի ռիթմի պայմաններում, Ամանորը ու հատկապես Ամանորի շնորհավորանքը մի քանի արագ, կարճ ու կոնկրետ մաղթանք է դարձել։ Հաճախ նույն բառերը՝ նույն հերթականությամբ։ Մարդիկ առանձնապես ոչ ժամանակ ունեն, ոչ տրամադրություն, ոչ էլ ցանկություն՝ գրել կամ կարդալ երկար մաղթանքներ։ Բայց մյուս կողմից՝ ինչպես մեր երկրի համար խիստ կարևոր մի շարք հարցերում, այս դեպքում ևս, մարդիկ վստահաբար դեմ չէին լինել լսել մտավորականների խորաթափանց ու իմաստուն խոսքը։
Տարիներ առաջ Նոր տարին այլ կերպ էին դիմավորում։ Վերջերս հաճախ ենք ընկնում նոստալգիկ հիշողությունների գիրկը ու կարոտում ժամանակները, երբ նյութը ու ձևը գուցե քիչ էին, բայց բովանդակությունն էր շատ։ Դե, իսկ ժամանակի մտավորականները շնորհավորում էին նամակով, բացիկով, երբեմն՝ բանաստեղծությամբ։ Այս տեքստերում քիչ է հանդիսավորությունը, փոխարենը կենտրոնում մարդն է՝ իր կասկածներով, ուրախությամբ, կարոտով, իսկ երբեմն՝ ծանր մտքերով։
Այսօր այդ նամակները կարդալիս մի տեսակ զարմանում ես, որովհետև պարզվում է՝ շատ բան է փոխվել, բայց միևնույն ժամանակ շատ բան նույնն է։ Նույն հույսերը, նույն վախերը, նույն ցանկությունները։ Մեր մեծերի Ամանորի մաղթանքները ջերմ են, արդիական ու մտածելու տեղիք տվող։
Այս հոդվածում մեկտեղել ենք նրանց տեքստերը՝ առանց ավելորդ մեկնաբանության, առանց միջամտության։
Չարենցի Ամանորի բանաստեղծությունը հեռու է տոնական տրամադրությունից։ Այստեղ Նոր տարին պարզապես ուրախ տոն չէ, այլ ժամանակի անիվ, որը պտտվում է անկախ մարդու կամքից։
Նոր տարվա համար
Ես Նոր տարի եմ մտնում
բայց նորն ի՞նչ բանի
Ձգտում է սիրտն իմ տրտում…
…Մի հսկա անիվ,
Անկախ կամքից իմ ու քո
կամքից, Ղեկավար,
Շուռ է գալիս ու դառնում
հավիտյան ու հար:
Ու դառնալու է անվերջ…
մինչև չմնա
Ոչ մի ձգտում, ոչ մի կամք
աշխարհի վրա:
Օ, Նիրվանա, տևական,
քեզ եմ անրջում
Իմ փոթորկոտ, իմ հախուռն
օրերի վերջում…

Փարիզում դիմավորած Նոր տարվա մասին Իսահակյանի այս մեմուարը լույսերով ու երաժշտությամբ, գեղեցիկ պատկերներով է սկսվում, բայց ավարտվում է ոչ այնքան տոնական մի տեսարանով։ Սա Նոր տարվա մեմուար է, որտեղ Ամանորի հրաշքը, ջերմությունն ու պայծառ գույները չեն ստվերում խիղճն ու իրականությունը։
«Նոր տարվա դիմավորումը Փարիզում»
Երբ Փարիզ էի, մի քանի ընկերներից հրավեր ստացա նոր տարին միասին դիմավորելու։
Դեկտեմբերի 31-ի գիշերը, մոտ ժամը 10-ին, մեր խումբը ռեստորանում արդեն գրավել էր վաղուց պատվիրած սեղանը։ Ռեստորանի ընդարձակ դահլիճը լիքն էր հասարակությամբ, բոլոր սեղանները բռնված էին։ Կային բազմաթիվ կանայք՝ շքեղ հագնված, ծաղիկներով զարդարված։ Դահլիճը լուսավորված էր անհամար ջահերով, ամեն սեղանի վրա լույսեր կային, որոնք բխում էին ծաղիկների միջից:
«Նոր տարվա դիմավորումը Փարիզում»
Երբ Փարիզ էի, մի քանի ընկերներից հրավեր ստացա նոր տարին միասին դիմավորելու։
Դեկտեմբերի 31-ի գիշերը, մոտ ժամը 10-ին, մեր խումբը ռեստորանում արդեն գրավել էր վաղուց պատվիրած սեղանը։ Ռեստորանի ընդարձակ դահլիճը լիքն էր հասարակությամբ, բոլոր սեղանները բռնված էին։ Կային բազմաթիվ կանայք՝ շքեղ հագնված, ծաղիկներով զարդարված։ Դահլիճը լուսավորված էր անհամար ջահերով, ամեն սեղանի վրա լույսեր կային, որոնք բխում էին ծաղիկների միջից:
Կանանց օղերի և մանյակների, ապարանջանների և մատանիների գոհարներն անթիվ աստղերի պես շողշողում էին շլացուցիչ փայլով։
Երաժշտաթյանը նվագում էր, և տեղ-տեղ պարում էին զույգերը։
Ֆրակներ հագած սպասավորները, ճարպիկ և ճկուն ձեռնածուների նման, մատների վրա կրելով մատուցարանները, ափսեներով, բաժակներով, կերակուրներով լեցուն, անցուդարձ էին անում սեղանների միջով։
Ամեն սեղանից ճառագայթում էր ծիծաղ, քրքիջ, զվարթ ձայներ։
Նայում էի շուրջս, մոտիկ ու հեռուն. բոլորը զվարթ էին, բոլորի աչքերի մեջ՝ պայծառ ժպիտ կար և գոհունակություն։ Կարծես այս մարդիկ բնավ վիշտ չէին տեսել, ոչ մի տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ նույն հավատքով ընդունելու նոր եկող տարին, որ շարունակողն է լինելու իրենց ուրախության և երջանկության։
Ժամանակը քանի մոտենում էր գիշերվա ժամի 12-ին, երբ պիտի հին տարին տեղի տար նորին, ընդհանուր զվարթությունը լցվում էր, ուռճանում, որ պիտի պայթեր շամպայնի գինու շշերի աղմուկով թռչող խցանների հետ և պիտի հորդեր շշերից հոսող փրփրուն գինիների հետ։
Փողոցից, ռեստորանի հսկա լուսամատներից նայում էին ներս ցնցոտիներ հագած մարդիկ, խեղճ երեխաներ։ Նույնիսկ մի քանի երեխաներ հանդգնել էին ներս մտնել և դռան մոտ կուչ էին եկել վախվխելով։
Ներս մտնող պարոնները նայում էին նրանց և անտարբեր անցնում, ոմանք մի քանի սանտիմ էին դնում նրանց ափերի մեջ։
Սպասավորները անընդհատ և զայրույթով նրանց քշում էին դուրս:
Մի պահ անց, նորից ներս էին մտնում նրանք։
«Երևի դահլիճի լույսն ու շքեղությունը հրապուրում է նրանց,— մտածում էի ես,— և մոռացության մատնում իրենց ապրած դառն իրականությունը»։
Ես նկատում էի, որ մի սպասավոր չափազանց կատաղած է նրանց դեմ, կոպտաբար ծոծրակներին զարկելով վռնդում է դուրս։
Այս տեսարանն ուղղակի փչացնում էր իմ և ընկերներիս տոնական տրամադրությունը, մանավանդ որ մեր սեղանը մուտքից հեռու չլինելով, ավելի մոտիկից տեսնում էինք այս տխուր պատկերը։
Մի քանի ֆրանկ տվինք սպասավորին, երեխաներին հանձնելու համար։
«Զարհուրելի բան է աշխարհը»,— ասաց ընկերներիցս մեկը՝ մի ծխախոտ վառելով։— «Մանավանդ մեծ քաղաքը»,— հարեց մի ուրիշը։ «Քանի աղքատ կա քովդ, երջանիկ չես կարող լինել»,— ասաց մեր ընկերներից մեկի տիկինը։
Երաժշտությունը մի պահ դադարեց, մի քանի րոպե միայն մնում էր ժամի 12-ին։ Բոլորը, բոլորը պատրաստվում էին «խորհրդավոր» վայրկյանին, ժամի 12-ի հնչելուն, երբ հանկարծ մի ցավագին ճիչ լսվեց, մի աղիողորմ ձայն, բոլորը դարձան ձայնի կողմը, դռան մոտ էր։ Երեխաներին դուրս քշելիս, սպասավորներից մեկը բռունցքով ամուր հարվածել էր մի երեխայի երեսին։ Խեղճ երեխան երկու ձեռքով բռնել էր բերանը, բայց քթից հոսում էր արյունը, խեղճը լալիս էր և վախեցած ճչում։
Կանայք շրջում էին՝ դեմքերը կնճռոտելով և ծածկելով հովհարների տակ։ Շատերը զայրացած էին, չգիտես ո՞վ, ո՞ւմ դեմ։ Ռեստորանի կառավարչի հրամանով երաժշտությունը որոտաց և ձայների մեջ խեղդեց երեխայի լացը։
Մի րոպե անց, երեխաներից մաքրված էր դուռը, և մի սպասավորուհի սրբում էր հատակի արյունը։
Այդ վայրկյանին հնչեց ժամը 12-ը. շամպայնի շշերը պայթյունով բացվեցին, և դահլիճը թնդաց ուռաների մեջ։
— Վատ սկսվեց տարին,— ասաց ընկերներիցս մեկը։
— Դատարկ խոսք է ասածդ,— խստությամբ վրա բերեց ուրիշը,— ուրախ լինենք, քեֆ անենք, ամեն տարի ողջ, առողջ…
Բայց մեր բոլորի տրամադրությունը փչացել էր, թեև ձգտում էինք ուրախ ձևանալ։
Սակայն այդ գիշեր ինչ որ ես ուտում էի և խմում, ինձ այնպես էր թվում, թե այդ խեղճ երեխայի արյունն է թափվել իմ բոլոր կերած-խմածի մեջ։

Թումանյանի այս նամակում թեև առիթը Նոր տարին է, բայց այն գլխավոր շեշտը չէ։ Ամանորը պարզապես ծնողներին գրելու, առօրյա կյանքով կիսվելու, կարոտն ու ջերմությունը փոխանցելու հերթական առիթ է։ Նամակը գրվել է 1885-ին՝ Թիֆլիսում։
Հարգելի ծնողք իմ,
Շնորհավոր Նոր Տարի!
Որդիական սիրով և անկեղծ սրտիվ բարևս մատուցանեմ ձերդ թանկագին հրամանոցդ. եթե մեզնից հարցանեք փառք Ամենազորին ողջ եմք և առողջ. միայն ձերդ ողջությունն կցանկամք։ Մինչև այստեղ նույն իսկ նոր տարու օրն եմ գրել և հանկարծ սրտիս վրա գնալով՝ էլ չգրեցի, որովհետև ահա քանի անգամ է նամակ եմ գրում պատասխան չեմ ստանում1:
Ստացա ձեր ուղարկած տասը (10) ռուբլին, չի առա պալտո, ալ երկու մանեթ (2 մնթ) և մի քանի շահի, որ պարտ էինք չերչոնց տղերանցը, տվի, մնացածը կենում է և ուզում եմ վերնաշապիկ, շալվար և շապիկ ու շապկահնգեր առնել իսկ պալտոն ավելորդ եմ համարում, որովհետև այստեղ տաք է, ուսումնարանը տաք է, մեջտեղը մի քանի քայլ, էլ ուրիշ գնալու տեղ չունեմ. ստացանք նույնպես մի տիկ թան, մի աղլուխ չիր և մի տոպրակ պանիր, ամանները հետ ուղարկեցի. նույնպես ուղարկեցի շաքար, չայի, քյամար մի հատ և կանֆետ րեխանց համար (անցյալ նամակում ևս գրել եմ)։ Ստացա այժմ և մի թաս յուղ (յուղ ավելորդ էր) ուղարկում եմ ահա թասը, տոպրակը և ձեր ասած սև կոճակները. Վկայականս ստացա, թվանշաններս լավն էին. տեղս էլ շատ լավ է։ Խնդրեմ շուտով նամակ գրեք. իսկ Ռոստոմից շատ նեղացած եմ, որ նամակ չի գրում.
Մայրիկ ջան, խնդրեմ փոխինձ ուղարկես և գուլբեք, ուրիշ ոչինչ. Հա, մոռացա, անցյալ անգամ Նեսոյի հետ ուղարկեցի և երկու աղլուխ։
Շատ բարև են անում ձեզ Ավագը, Նատոն, Օսանը, Մոսեսը, Ներսեսը։
Իսկ իմ կողմից շատ բարև կանեք քեռոնց, բիձոնց և բոլոր ազգականաց և բարեկամաց։
Ձեր որդի Հովհաննես Թումանյանց
Այս նամակի կեսն նույն իսկ նոր տարու օրն՝ հունվարի մեկին եմ գրել, կեսը հունվարի 17-ին, իսկ երեսը փետրվարի 25-ին և ահա ուղարկում եմ Մարտի 12-ին։

Սարյանի Ամանորի ուղերձում ձևականություն չկա։ Նրա համար Նոր տարին մարդիկ են՝ հատկապես ու մասնավորապես երիտասարդները։ Սա ավագ ընկերոջ մաղթանք ու հորդոր է։ Ամանորի այս ուղերձը գրվել է 1963 թվականին։
Ամանորի ուղերձ
Դո՛ւք եք մեր Նոր տարին, իմ շատ սիրելի երիտասարդներ: Նոր տարվա առթիվ սովորաբար հին խոսքեր են ասում՝ հաջողություն, առողջություն, երկար կեանք… Բայց դրանք ինչքան հին, այնքան էլ նոր են, որովհետև ազնիվ ու բարի ցանկությունները երբեք չեն հնանում, ինչպէս աշխարհի ամեն ազնիվ ու բարի բան: Նոր տարի ասելով՝ ամէնից առաջ ես ձե՛զ եմ տեսնում, իմ շատ սիրելի երիտասարդներ, որովհետև նրա պէս դո՛ւք էլ եք նոր, դո՛ւք էլ եք մեզ համար նոր տարի, և ձեզնի՛ց էլ, ինչպէս ամեն մի նոր տարուց, բոլորս էլ լավ, թարմ ու նոր գործեր ենք սպասում…
Ամէնից առաջ ես սրտանց կուզեի, որ էլ ավելի շատ սիրեք աշխատանքն ու արվեստը, որովհետև դրանք իրարից անբաժան են, լրացնում և օգնում են իրար, որովհետև առանց աշխատանքի չկա արվեստ և առանց արվեստի չկա աշխատանք: Սիրեցէք հայրենին և մայրենին:
Է՛լ ավելի շատ սիրեցէք գրականությունն ու երաժշտությունը, նկարչությունն ու կինոն: Եվ ոչ միայն սիրեցէք, այլև աշխատեցէք խորապէս զգալ և հասկանալ, ապրել նրանցով, դարձնել ձեր առօրեայի անբաժանելի մասը: Ես գիտեմ երիտասարդների, որոնք, առօրեա որոշ պրոզայիկ մանրուքներում թաղվելով, չեն կարողանում տեսնել կապո՜ւյտ երկինքը, պայծա՜ռ արևը, մի խոսքով՝ գեղեցկությունը:
Իսկ դա տեսնելու համար պէտք է նախ և առաջ երևույթներին նայել գեղեցիկ հոգով, երեխայի և իմաստունի աչքերով, ամենուր և ամեն ինչի մէջ մի լավ բան գտնելու ակնկալութեամբ:
Երիտասարդները միշտ էլ համարձակ են: Ես կուզեի ամեն ինչ անեիք այնպէս, որ ձեր արած գործը շատ մոտ լինի ժողովրդի սրտին, նրան էլ ավելի վեր տանի և բյուրեղացնի…
Այդ բարի ցանկութեամբ էլ՝ ձե՛ր կենացը լինի, սիրելի երիտասարդներ՝ մեր կեանքի նոր տարիներ…

Կոմիտաս վարդապետն Ամանորի ինքնագիր ու յուրօրինակ այս նամակը 1910 թվականին գրել է նոտաներով, այն պահվում է Գրականության և արվեստի թանգարանի Մարգարիտ Բաբայանի ֆոնդում։
Շնորհաւոր Նոր տարի,
Բարի Կաղանդ,
Ծնունդ եւ
Մկրտութիւն
Սիրալիր բարեւ մերոնց բոլորին
Կոմիտաս Վարդապետից

Օրբելիների ընտանեկան նամակներն այս շարքում գուցե ամենաջերմն են, ամենամտերմիկը, իրապես ընտանեկանն ու Ամանորի հրաշքը առօրյա հոգատարության ու կարոտի մեջ ամփոփողը։ Ահա դրանցից մի քանիսը։
30 դեկտեմբերի, 1898թ.
Ռուբենիկ ջան, ուղարկում եմ ընդամենը 55 ռուբլի, որից 30-ը կտաս Մարիա Սեմյոնովնային, իսկ մնացած 25 ռուբլին պահիր քեզ տոների համար: Շնորհավորում եմ գալիք Նոր տարիդ, ցանկանում եմ երկար կյանք, առողջություն` և՛ ֆիզիկապես և՛ բարոյապես:
Այս անգամ Կատերինա Սեմյոնովնայի նամակին չեմ պատասխանում, ժամանակ չունեմ և հոգիս հանգիստ չէ: Այդ պատճառով իմ կողմից դու ինքդ շնորհավորիր Կատերինա և Մարիա Սեմյոնովնաներին, ինչպես նաև Սուսաննային:
Քո հայր, Աբգար Օրբելի
P.S. Այսօր ուղարկում եմ քեզ թութուն և պանիր, իսկ քեզ օգտակար կլինի, որ այս տոներին շատ կարդաս, եթե գրադարանը բաց լինի` կարդա, կարդա:
Մենք առողջ ենք:

1912 թվական
Թանկագին հայրիկ, մայրիկի Ռուսիկին գրած նամակից իմացա, որ նորից հիվանդ ես:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ: Գրկում եմ քեզ և ցանկանում առողջություն և հաջողություն:
Մենք առողջ ենք, աղջնակը մեծանում է ոչ թե օրերով, այլ ժամերով, չի հիվանդանում, բայց շատ նյարդային է իր տարիքի երեխաների համեմատ, շատ փխրուն է: Տոնածառը, որ նրա համար զարդարել էինք` մեզ թույլատրելի շքեղությամբ, նրան աննկարագրելի ուրախություն պատճառեց: Թռչկոտում էր տոնածառի շուրջը, արձակում ձայներ, ինչպիսին մինչ այժմ չէի լսել նրանից: Նրա հիշողությունները Թիֆլիսից պահպանվել են զարմանալի կերպով, ու անընդհատ քեզ է հիշում:
Համբուրում եմ, Ռուբեն:

Թանկագին Մարուսյա, քանի որ նամակս Ձեզ կհասնի Նոր տարուն, նախ և առաջ, շնորհավորում եմ Ձեզ և ցանկանում երջանկություն։
Ձեզ երկար ժամանակ չեմ գրել, որովհետև Ձեր վերջին երկու նամակների բովանդակությունը ինձ զարմացրեց, և ես չէի կարողանում հասկանալ այդ փոփոխության պատճառը։ Նախընտրում եմ բացատրել պատահականությամբ։ Տխրությունը և թախիծը այս անիծյալ Թուրքիայում սարսափելի են։ Երբեմն խելագարվում եմ, որ զբաղմունք չեմ գտնում։ Իսկ, դե, տոներն էլ մոտենում են։ Դրանք Ռուսաստանում ամենաուրախ ժամանակներն են։ Առաջ այդ բոլորն ինձ թվում էր տխուր և աննպատակ։ Եթե հիմա տեսնեի փողոցում թափառող ամբոխ, ես ինձ անսահման երջանիկ կզգայի։ Իսկ այստեղ ամեն ինչ մեռած է, բառացիորեն մահացած․․․
Ինձ գրեք, փորձեք դառնալ իմ նախկին սիրելի ընկերը, այնպիսին, ինչպիսին թողել եմ Պետերբուրգից մեկնելուց առաջ։
Եղեք առողջ և ուրախ։ Համբուրում եմ Ձեր թաթիկը։
Ձեզ սիրող և հավատարիմ
Հովսեփ Օրբելի

Երգչուհի, Մարիինյան թատրոնի արտիստուհի, նկարիչ Միխայիլ Վրուբելի կին Նադեժդա Զաբելա-Վրուբելի բացիկը Վարվառա Սպենդիարովային կարելի է պարզապես բնորոշել արվեստի մարդկանց միջև ընթացող բնական ու ջերմ շփում։ Բացիկն ուղարկվել է Ս. Պետերբուրգից՝ 1907 թվականին։ Ցուցանմուշը՝ Չարենցի անվան ԳԱԹ-ի հավաքածուից է։
Ամանորյա ջերմագին ողջույն, թանկագին Վարվառա Լեոնիդովնա: Խնդրում եմ երախտագիտությունս հաղորդել Ձեր ամուսնուն՝ իր ուղարկած ռոմանսների համար: Ես մի քանիսը երգեցի Ռիմսկի-Կորսակովների տանը: Երաժիշտները շատ հավանեցին «Թաթարական օրորոցայինը»

Համաձայնեք, որ տասնամյակներ ու որոշ դեպքերում մեկ դար անց էլ այս նամակները, բացիկներն ու մաղթանքները կարդալը հետաքրքիր է, հոգի ջերմացնող ու մի տեսակ դրական էներգիա տարածող։ Գուցե հենց այն պատճառով, որ որևէ «պարտադիր» ու ստիպված ասված մաղթանք կամ բառ չկա։ Մարդկային զգացմունքներ են՝ թանկ ու հարազատ մարդկանց հետ կապ հաստատելու, հիշելու, ներկայությունը զգալու, լավագույնը մաղթելու արտահայտմամբ։