Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Ռուանդայի իշխանությունների հրավերով ապրիլի 18-ին կմեկնի Կիկալի` մասնակցելու Ռուանդայի ժողովրդի ցեղասպանության 10-րդ տարելիցի միջոցառմանը: Արամ Առաջինը հանդես կգա այդ օրերին այնտեղ կազմակերպվող միջազգային համաժողովում, որտեղ կխոսի 20-րդ դարում կատարված ցեղասպանությունների եւ նրանցից քաղվող դասերի մասին: Նախատեսվում են նաեւ Մեծի տանն Կլիլիկիո կաթողիկոսի հանդիպումները Ռուանդայի նախագահի եւ տեղի եկեղեցու ներկայացուցիչների հետ: Ինչպես նշում է «yerkir.am»-ը, անցյալ դարի 80-ական թվականների սկզբին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող ռուանդացի Նիկոտեմ Ռուհաշիանկիկոն առաջին անգամ ՄԱԿ-ի ամբիոնից հիշատակեց Հայոց ցեղասպանությունը, որը առաջացրեց պաշտոնական Անկարայի եւ իր դաշնակիցների բողոքը: