ԱՄՆ‑ի և Ուկրաինայի պաշտոնական անձինք հայտնել են, որ երկու երկրի պատվիրակությունները Ժնևում «արդյունավետ բանակցություններից» արդյունքում մշակել են թարմացված «շրջանակային փաստաթուղթ» Ուկրաինայում խաղաղության հաստատման վերաբերյալ։
Հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան և Ուկրաինայի նախագահի կայքերում։ Մատնանշվել է, որ երկու կողմերը խորհրդակցությունները համարել են արդյունավետ։
«Կողմերը հաստատել են, որ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է ամբողջությամբ հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը և ապահովի կայուն և արդար խաղաղություն»,‑ ասվում է հայտարարության տեքստում։ Փաստաթուղթն առայժմ հրապարակված չէ։
Ընդհանուր հայտարարության համաձայն, երկու կողմերը կշարունակեն փաստաթղթի վրա ինտենսիվ աշխատանքն «առաջիկայում» և սերտորեն կհամագործակցեն եվրոպացի գործընկերների հետ, գրում է Deutsche Welle-ն։
Դրանից առաջ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համոզմունք էր հայտնել, որ Թրամփի «խաղաղության ծրագրի» վերամշակված տարբերակը կյանքի կոչվելու մեծ ներուժ ունի։
23 նոյեմբերին Ժնևում Ուկրաինայի պատվիրակների և նրա եվրոպական դաշնակիցների հետ խորհրդակցությանց հետո նա լրագրողներին ասել էր, որ բանակցությունները հանգեցրել են «հիմնարար փաստաթղթի» ստեղծմանը, որը լավ հիմք կլինի հետագա աշխատանքի համար։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես շեշտել է Շվեյցարիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունավետությունը։
«Մեզ ուղղակի անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ, քան այդ պահին ունեինք։ Ես համոզված եմ, որ հաջողելու ենք»,–ասել էր Ռուբիոն։
Ամերիկացի քաղաքական գործչի խոսքով, Ժնևի բանակցողներին դեռ պետք է լուծել մի քանի հարցեր, որից հետո ԱՄՆ‑ի «խաղաղության ծրագրի» մեջ հնարավոր են որոշ փոփոխություններ։ Հատկապես, պետք է քննարկել Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի դերը հակամարտության կարգավորման գործում, ավելացրել է նա։
Այնուհետ փաստաթուղթը պետք է համաձայնեցվի ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների մակարդակով, որի կապակցությամբ Ռուբիոն հնարավոր է համարում նոր հանդիպում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև։
«Ակնհայտ է, որ ռուսներն այստեղ նույնպես խոսքի իրավունք ունեն, այնպես չէ՞»,‑ հավելել է նա։
Հայտարարության տեքստի վերաբերյալ պայմանավորվածությունից անմիջապես հետո նա մեկնել է Վաշինգտոն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցելությունը Սպիտակ տուն կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, եթե Ժնեւում բանակցություններում առաջընթաց գրանցվի։
Եվրոպական առաջարկները, ըստ DPA գործակալության, ենթադրում են որոշ կետերի մեղմացուըմ ԱՄՆ-ի պատերազմի դադարեցման ծրագրում՝ հօգուտ Կիևի։ Սույն առաջարկների համաձայն, օրինակ, Ուկրաինային չպետք է ստիպեն նվիրել Ռուսաստանին այն տարածքները, որոնք այժմ վերահսկում է։ Բացի այդ, չի նախատեսվում Ռուսաստանի կողմից պատերազմի ընթացքում բռնակցված տարածքների փաստացի ճանաչում։
Նոյեմբերի 20–ին ԱՄՆ‑ն ներկայացրել է Ուկրաինայի համար 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիր։ Ըստ դրա՝ Ուկրաինան պետք է ամբողջությամբ դուրս բերի զորքերը Դոնբասից, զգալիորեն կրճատի իր բանակը, հրաժարվի հեռահար զենքից ու ՆԱՏՕ‑ի անդամակցությունից։ Ժնևի հանդիպումից առաջ Դոնալդ Թրամփը ապերախտության մեջ էր մեղադրել Կիևին, որը չէր ողջունել նրա «խաղաղության ծրագիրը»։ Զելենսկու կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ «ուկրաինական պատվիրակությունը կրկին երախտագիտություն է հայտնել ԱՄՆ‑ին և, մասնավորապես, անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին»։






