Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 26-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հադրութի շրջանի հարավային թևի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին:
Հատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդագրական իրավիճակի բարելավման, գյուղատնտեսության և ոռոգման ոլորտների զարգացման խնդիրներին: Բակո Սահակյանըայս երեք ուղղությունները համարել է սերտորեն փոխկապակցված` հավելելով, որ նրանցից յուրաքանչյուրում բացթողումները ուղղակիորեն կազդեն մյուսների վրա:
Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության հարավային հատվածների զարգացումը ունի կարևոր սոցիալ-տնտեսական և քաղաքական նշանակություն, ինչը համապատասխան մոտեցում է պահանջում նրանց պլանավորման և իրականացման ժամանակ:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: