Ադրբեջանի նախագահի օգնական՝ արտաքին քաղաքական հարցերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ունեցած քննարկումների ժամանակ անդրադարձել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի օրակարգին, գրում է APA-ն։
Հաջիևը հանդիպումներ է ունեցել Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի անդամ երկրների դեսպանների հետ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության հարցերով օգնական Բորիս Ռուգեի հետ։
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հյուսիսատլանտյան խորհրդի անդամների՝ Ադրբեջան կատարած վերջին այցին։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






