Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը, նյութերն ուղարկվել են դատարան։
Ադրբեջանի իրավապահների պնդմամբ՝ 58-ամյա Ավանեսյանը սեպտեմբերի 14-ին իբր փորձել է Ստեփանակերտի կենտրոնում ահաբեկչական գործողություն իրականացնել, ինչի արդյուքնում ոստիկաններ են վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Ստեփանակերտում է գտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է «Ազատությունը»։
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Ավանեսյանին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի միաժամանակ յոթ հոդվածով։ Գործի քննությունը նախատեսվում է իրականացնել Գյանջայի դատարանում, սակայն դատական գործընթացի մեկնարկի ժամկետները դեռ չեն հրապարակվել։






