Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի ընդունած «Թուրքիայի առաջընթացը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին» զեկույցում երկու կետ անմիջականորեն վերաբերվում են Հայաստանին եւ Հայոց ցեղասպանությանը: Ինչպես հաղորդում է Եվրոպայի հայերի դաշինքը, Հոլանդիայի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Արի Օոսթլանդերի պատրաստած զեկույցում կոչ է արվում Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատել նրա հետ: Միեւնույն ժամանակ Եվրախորհրդարանը կոչ է անում Անկարային «աշխատել» Երեւանի հետ տարածաշրջանային հակամարտությունների արդարացի լուծում գտնելու նպատակով եւ չձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք «կարող են խանգարել պատմական հաշտեցմանը»: Կոմիտեի ընդունած զեկույցի մեկ այլ կետ ենթադրում է երկխոսության հաստատում թուրք եւ հայ գիտական, սոցիալական եւ ոչ կառավարական կազմակերպությունների միջեւ, որը կուղղվի «անցյալի ողբերգական փորձի» հաղթահարմանը: Զեկույցը կներկայցվի քվեարկության Եվրախորհրդարանի մոտակա պլենար նիստերից մեկում: