Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրը, որն անցնում է Պլովդիվում, կկայանա մարտի 28-ին: Այս տուրում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը կխաղա ռուս Դենիս Խիսմատուլինի հետ: Երկու շախմատիստներն էլ ունեն 5,5-ական միավոր և առաջատարին զիջում են 0,5 միավորով:
Գաբրիել Սահակյանը կխաղա Յան Սմիթսի, Սերգեյ Մովսիսյանը` Լևան Պանցուլայի, Հրանտ Մելքումյանը` Բարիս Էսենի, Հովհաննես Գաբուզյանը` Սանան Սյուգիրովի դեմ:
Տիգրան Պետրոսյանի հակառակորդն է լինելու Վալերի Պոպովը, Ռոբերտ Հովհաննիսյանինը` Դավիթ Բենիձեն, Արման Փաշիկյանինը` Դալիբրո Ստոյանովիչը, Զավեն Անդրիասյանինը` Անդրեաս Հագենը, Սամվել Տեր-Սահակյանինը`Բուրատ Ֆիրատը, Վլադիմիր Պողոսյանինը` Վեսելին Պանտևը:
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է շվեյցարական համակարգով` 11 տուրերով: Ժամանակի կառավարումն է` 90ր 40 քայլի համար, ևս 30ր մինչև պարտիայի ավարտը` յուրաքանչյուր քայլի համար լրացուցիչ 30 վարկյանով: Առաջնությունը կավարտվի մարտի 31-ին:






