ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամը համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։
Հուշագրի նպատակն է համատեղել պետական քաղաքականությունն ու հասարակական նախաձեռնությունները՝ ուղղված սպորտի ոլորտի առաջխաղացմանը, նոր սերնդի մարզիկների պատրաստմանն ու նրանց միջազգային մրցաշարերին մասնակցության ապահովմանը։ Փաստաթուղթը միտված է նաև մարզական ենթակառուցվածքների զարգացմանը և այդ ռեսուրսների առավել լայն մատչելիության ապահովմանը՝ կրթական ու դաստիարակչական ծրագրերի միջոցով տարածելով առողջ կենսակերպ։
Ժաննա Անդրեասյանը ողջունել է Նազիկ Ավդալյանին՝ ընդգծելով նրա կարևոր դերը սպորտում ներշնչանքի աղբյուր դառնալու հարցում։
«Ուրախ եմ, որ սպորտի ոլորտում հիմնադրամ ձևավորելով՝ շարունակում եք Ձեր ներդրումն ունենալ ոլորտի զարգացման գործում: Լիահույս եմ՝ հուշագրի շրջանակում պետության հետ համագործակցելով՝ հատկապես մարզերում սպորտով զբաղվելու նոր հնարավորություններ կստեղծվեն»,–ասել է նա։
Իր խոսքում Նազիկ Ավդալյանն էլ կարևորել է պետական համագործակցության ձևաչափը՝ շնորհակալություն հայտնելով այս հնարավորության համար։
«Մենք մարզերում պրոֆեսիոնալ սպորտին միտված մեծ ռեսուրս ունենք, որը հնարավորինս զարգացնելով՝ լուրջ արդյունքներ կգրանցենք»,–նշել է նա։
Քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:






