Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտնի ֆուտբոլիստ ու մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ։
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, [որը կսկիծով տեղեկացա լեգենդար ֆուտբոլիստ, վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ և ԽՍՀՄ քառակի չեմպիոն Նիկիտա Պավելի Սիմոնյանի մահվան մասին։
Լինելով ականավոր ֆուտբոլիստ և մարզիչ՝ նա իր անունը ոսկե տառերով գրեց հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Նրա ղեկավարությամբ էր, որ Երևանի «Արարատը» 1973 և 1975 թվականներին դարձավ չեմպիոն և ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր՝ անմոռանալի հպարտության զգացում պարգևելով բոլոր հայերին։
Իր երկարատև և հագեցած գործունեության համար Նիկիտա Սիմոնյանը նաև արժանացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական պարգևների: Նրա նվաճումները, պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունը ֆուտբոլին ծառայելու են որպես ոգեշնչման աղբյուր բազմաթիվ սերունդների համար։
Խնդրում եմ Ձեզ՝ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և աջակցության խոսքեր փոխանցել Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին և մտերիմներին»,- նշված է հեռագրում։
99 տարեկանում կյանքից հեռացած լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Սպարտակի» տնային մարզադաշտում՝ «Լուկոյլ Արենայում»։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը: Հայտարարվել է նաև, որ այսուհետ ստադիոնի «Ա» տրիբունան կկրի Նիկիտա Սիմոնյանի անունը։






