AM
28 Նոյեմբեր 2025 - 14:20 AMT

Արոնյանի հովանու ներքո Երևանում կկայանա շախմատի միջազգային փառատոն

Հայտնի շախմատիստ Լևոն Արոնյանի հովանու ներքո 2026թ․ հոկտեմբերին Երևանում կկայանա շախմատի միջազգային փառատոն։ Դա առաջին նմանատիպ միջոցառումը կլինի Հայաստանում։ Միջազգային պատվավոր հյուրերի թվում ակնկալվում է աշխարհի հնգակի չեմպիոն Վիշվանաթան Անանդի և աշխարհի ամենաուժեղ կին շախմատիստ Յուդիթ Պոլգարի մասնակցությունը, հայտնում է Factor.am-ը։

«Շախմատը հայերի համար երբեք պարզապես խաղ չի եղել․ այն մեր մտածելու, ստեղծելու և համախմբվելու ձևերից մեկն է։ Շախմատի միջազգային փառատոնը կմարմնավորի այդ ոգին՝ բոլորին հրավիրելով զգալու խաղի ուրախությունն ու երևակայության ուժը»,- նշել է շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը։

Փառատոնի կազմակերպումը իրականացվում է «Մեդիակրատ Ստուդիո» ընկերության կողմից՝ համագործակցելով «Մատենա» բիզնես դպրոցի հետ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Միջոցառումը փոխելու է քաղաքի զբոսայգիներն ու հանրային վայրերը՝ վերածելով դրանք ակտիվ մշակութային կենտրոնների։ Նախատեսվում է անցկացնել ցուցադրական միաժամանակյա խաղեր, երաժշտական միջոցառումներ, թատերական ներկայացումներ, ինչպես նաև ստեղծել ինտերակտիվ արվեստի ինստալյացիաներ։