AM
8 April 2004 - 12:11 AMT

ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԻՇԽԱՆԱՄԵՏ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Վրաստանի նոր խորհրդարանում հայ խորհրդարանականներից երեքը` «Ազգային շարժում-Ժողովրդավարներ» կուսակցությունը ներկայացնող Մելիք Ռայիսյանը եւ Վան Բայբուրդյանը, ինչպես նաեւ Ախալքալաքի շրջանից ընտրված Համլետ Մովսիսյանը, ընդգրկվել են իշխանամետ ֆրակցիայում: Ինչպես տեղեկացնում է «Ա-Ինֆո» գործակալությունը, Վրաստանի Նինոծմինդայի շրջանի մեծամասնական ցուցակով ընտրված մեկ այլ հայ` Հենզել Մկոյանը, կընդգրկվի նախագահին սատարող անկախ մեծամասնականների ֆրակցիայում: Իսկ Ծալկայի շրջանից ընտրված Հայկ Մելտոնյանը, որը թեկնածու էր առաջադրվել «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության կողմից, իր դիրքորոշումը կհայտնի առաջիկա օրերին: