AM
11 April 2012 - 07:10 AMT

ՌՀՄ-ն սատարում է Գագիկ Սարգսյանին, որը պաշտպանելով ընտանիքը, սպանել է ավազակներին

Ինչպես հայտնի է, ողբերգական պատմությունը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 7-ին: Տուլայի մարզի Օկտյաբրսկի ավանում երեկոյան ժամը 9-ին մոտ ավազակային հարձակում է կատարվել ձեռներեց Գագիկ Սարգսյանի տան վրա, ասվում է Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ: Չորս ավազակներ (ինչպես հայտնի է նրանք նախկինում արդեն դատվել են), զինված հրացանով, դանակներով և բեյսբոլի մահակով, ներխուժել են նրա տուն և ծեծի են ենթարկել ոչ միայն տան տիրոջը, այլ նաև կանանց և փոքրահասակ երեխաներին, որոնցից ամենակրտսերը դեռ մեկ տարեկան էլ չկա: Գ. Սարգսյանը, պաշտպանելով իր ընտանիքը, կարողացել է ձեռք գցել խոհանոցի դանակն ու հարձակվողներին հարվածներ հասցնել՝ երեքը տեղում մահացել են:

Այժմ Սարգսյանը գտնվում է հիվանդանոցում բազմաթիվ մարմնական վնասվածքներով: Ըստ ԶԼՄ-ների, և փորձագետները, և հարևանները միակարծիք են, որ ընտանիքի ղեկավարը ամեն ինչ արել է հարազատներին պաշտպանելու համար: Մինչդեռ, ոմանք կարծիք են հայտնում, թե նա գերազանցել է ինքնապաշտպանության թույլատրելի սահմանները: Այդ ողբերգական իրադարձությունը լայն հասարակական արձագանք է ստացել: ՌՀՄ հասցեին բազմաթիվ հեռախոսազանգեր և նամակներ են ստացվում տարբեր ազգերի ներկայացուցիչներից՝ խնդրելով հետևել այդ գործի քննությանը: Ուստի ՌՀՄ-ն հայտնում է, որ Կազմակերպության ղեկավարությունը անմիջապես կապվել է համապատասխան կառույցների հետ, դաշնային ու պետական իրավապահ մարմինների հետ, որոնք հաստատել են, որ մարզային և տեղական մարմինները ակտիվորեն զբաղվում են այս գործի քննությամբ և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում, տուժածներին բուժօգնություն ցույց տալու ու Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու համար:

Մենք ուշադիր հետևում ենք այս աղմկահարույց գործին և անհրաժեշտություն դեպքում կաջակցենք մեր հայրենակցի ընտանիքին:

Միևնույն ժամանակ ՌՀՄ-ն վստահ է, որ քննչական գործողությունների արդյունքում կարվեն համապատասխան եզրակացութոյւններ և արդար որոշում կկայացվի Սարգսյանի գործով, որը պաշտպանել է իր ընտանիքի անդամներին:

Ապրիլի 7-ին գործարար Գագիկ Սարգսյանը, պաշտպանելով իր ընտանիքը, խոհանոցային դանակով սպանել է իր տուն ներխուժած 4 ավազակներից երեքին: Տան տերը հոսպիտալացվել է, նրա որդու կնոջը ևս բուժօգնություն է ցուցաբերվել:

Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105 հոդվածի 2 մասի 1 պարբերությամբ՝ երկու և ավելի անձանց սպանություն: