Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այս տարի Հայաստան կժամանի ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: «Պլատինին հոկտեմբերին Երևանում կմասնակցի խորհրդաժողովի, որին ներկա կլինեն նաև 13-14 ազգային ֆեդերացիաների նախագահներ»,- ասել է նա:
Հայրապետյանը նաև անդրադարձել է Լիբանանի` Հայաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպում կազմակերպելու առաջարկությանը: ՀՖՖ նախագահի խոսքով, այդ խաղը չի կայանա, քանի որ այդ ժամանակամիջոցում Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Ղազախստանի ընտրանու հետ: Խաղը կայանալու է հունիսին. «Ես շատ կցանկանայի խաղալ Լիբանանի հետ: Այդ երկրում մեծ է հայկական համայնքը, և մշտապես նամակներ ենք ստանում, բայց հավաքականի գրաֆիկը հագեցած է»,- հավելել է նա:
Հայրապետյանը ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում և խոստացել է ընտրվելու դեպքում առաջին օրենքը առաջարկել սպորտի մասին:






