AM
16 April 2012 - 10:01 AMT

ԵՀՄՖ նախագահը պահանջել է Օբամայից կատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ խոստումը

ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խնդրանք-պահանջով`կատարել Հայոց ցեղասպանության փաստը հաստատելու պարտավորությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Մեծարգո պարոն նախագահ, արդեն վատ ավանդույթի է վերածվել ամենամյա ապրիլի 24-ից առաջ Ձեզ դիմելը: Հուսով ենք, որ սա վերջին անգամ է, որ մենք դիմելու ենք Ձեզ խնդրանք-պահանջով` կատարելու Ձեր պարտավորությունը Հայոց ցեղասպանության փաստը հաստատելու հարցում: Այդ պարտավորությունը Դուք ստանձնել եք ի դեմս ամերիկահայությանը` ողջ համաշխարհային հայության առջև խոստանալով ցեղասպանության օրն ունենալիք Ձեր ելույթում հաստատելու 1915թ.-ին մարդկության դեմ կատարված ոճրագործությունը` այն անվանելով Ցեղասպանություն, ոճրագործություն, որի հետևանքով ոչնչացվել է հայ ժողովրդի մեծագույն մասը և կորստի է ենթարկվել այդ ժողովրդին պատկանող տարածքների 90 տոկոսը»:

«Մեծարգո պարոն նախագահ, մեր առաջին նամակը` գրված 2009-ի ապրիլին, ստորագրել էին մի շարք մեծանուն եվրոպահայեր, այդ թվում հռչակավոր Շառլ Ազնավուրը, Մարիոս Գարոյանը /Կիպրոսի պառլամենտի այն ժամանակվա նախագահ/, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, շախմատի օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանը և այլոք: Ցավոք Ձեզ հայտնի պատճառներով Դուք մասամբ կատարեցիք Ձեր տված խոստումը և քաջություն չունեցաք արտասանելու «Հայոց ցեղասպանություն» տերմինը, ինչպես խոստացել էիք ամերիկահայությանը: Մեծարգո Նախագահ, մենք դեռ չենք կորցրել մեր հույսը և հավատը, որ ԱՄՆ-ի նախագահը խիզախ է, հանդես է գալու արդարությունը պաշտպանելու դիրքերից և հանուն մարդկության ապագայի կատարելու է մեծ երկրի նախագահին վայել քայլ:

Մենք հավատում ենք, որ Դուք կատարելու եք Ձեր խոստումը և դրանով վերականգնելու եք Ձեր այն հեղինակությունը, որն ունեիք նախագահական ընտրություններից առաջ և որն այնքան անհրաժշտ է Ձեզ այսօր, հերթական նախագահական ընտրությունների նախօրեին: Մենք հավատում ենք, որ արդարությունը չի գնվում և չի վաճառվում, հատկապես ժողովրդավարական դիրքերից ելնող և ազատության, ազնվության ու ժողովրդավարության համար պայքարող մի այնպիսի երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն է: Մենք հավատով ենք սպասում ապրիլի 24-ի Ձեր ելույթին»,-ասվում է նամակում: