AM
24 April 2004 - 17:22 AMT

ԱԽԱԼՑԻԽԱԻ ՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՐ ՏԵՂԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Վրացական Ախալցիխե քաղաքում բնակվող ավելի քան երկու հազար հայեր երեկ հավաքվել են Սամցխե Ջավախքի շրջանում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Նիկոլոզ Նիկոլոզիշվիլու գրասենյակի մոտ` պահանջելով իր տեղը վերադարձնել ավելի վաղ ոստիկանության կողմից ապամոնտաժված խաչքարը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Ախալցիխայի ոստիկանության ուժերով ապամոնտաժվել է քաղաքամերձ բլուրներից մեկի գագաթին տեղադրված խաչքարը: Հուշարձանի հանդիսավոր բացումը պետք է կայանար այսօր` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Մինչ խաչքարի ապամոնտաժումը, ոստիկանները ձերբակալել էին խաչքարի տեղադրման նախաձեռնող խմբի ղեկավար Լյուդվիգ Պետրոսյանին, եւ պահելով 4 ժամ, ազատ էին արձակել: Վերջինիս խոսքերով, խաչքարը ապամոնտաժվել է Սամցխե Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Նիկոլոզ Նիկոլոզիշվիլու անմիջական ցուցումով` «դրա տեղադրման թույլտվության բացակայության» պատճառով: Սակայն Լյուդվիգ Պետրոսյանը հավաստիացնում է, որ Ախալցիխայի քաղաքապետարանը նախապես թույլատրել էր խաչքարի տեղադրումը: Ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, վկայակոչելով հավաստի աղբյուրներ, Վրաստանի նախագահի ներկայացուցիչը պատրաստ է թույլատրել խաչքարի տեղադրումը Ախալցիխայի հայկական եկեղեցիներից մեկի բակում: Ներկայումս Հայաստանի ԱԳՆ-ն ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: