AM
19 April 2012 - 09:19 AMT

Թուրք պրոֆեսոր. Մենք պետք է հաշտվենք Հայոց ցեղասպանության փաստի հետ և ներողություն խնդրենք

1915 թվականի անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումների սկիզբն ազդարարեց «Ի՞նչ տեղի ունեցավ ապրիլի 24-ին:

Ի՞նչ տեղի ունեցավ հունվարի 19-ին» քննարկումը, որ կազմակերպվել էր Ստամբուլի Բելգե համալսարանում: Գլխավոր բանախոսներն էին «Ակոս» թերթի քրոնիկագիր Բագրատ Էսթուքյանը, դոկտոր Արուս Եումուլը և Բելգե համալսարանի դասախոս Թոլկա Թիվզին: Բանախոսները շեշտը դրել էին 1915թ. իրադարձությունների վրա և 2007թ. հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի այդ ուղղությամբ կատարած աշխատանքների վրա: Ըստ նրանց, Դինքը զգալի հաջողության էր հասել Հայոց ցեղասպանության փաստը թուրքերի գիտակցության մեջ ամրագրելու հարցում:

Բելգե համալսարանի պրոֆեսորն իր ելույթում հայտարարեց, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու հատուցի: «1912թ. կայսրության բնակչության 20 տոկոսը կազմում էին ոչ մահմեդական ազգերը, իսկ 1927թ.՝ 2,4 տոկոսը: Ի՞նչ պատահեց այդ մարդկանց հետ: Մենք գիտենք, որ կատարվածը Ցեղասպանություն էր: Մենք պետք է հաշտվենք այդ իրողության հետ, ներողություն խնդրենք ու հատուցենք»,-ասել է պրոֆեսորը: Կարևորելով Դինքի գաղափարներն ու մտորումները՝ նա նշել է, որ նրա աշխատանքը զուր չէր, և նման միջոցառումները կշարունակվեն ձերբազատելու համար հանրությանը խաբեության ու ժխտողականության քաղաքականությունից, որ վարում է կառավարությունը: Դոկտոր Թիվզինը կոչ արեց բոլորին մասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում:

Ըստ դոկտոր Եումուլի, Դինքի սպանությունը հանգեցրեց նրան, որ Թուրքիայում մինչ օրս վախ կա, որ այդպիսի գործողությունները կարող են կրկնվել: Դա ստիպում է շատերին թաքցնել իրենց ինքնությունը, իսկ շատերին լքել երկիրը:

Բանախոսությունը տեղի ունեցավ «Հակակապիտալիստ աշակերտներ» ուսանողական խմբի նախաձեռնությամբ, որոնք բացահայտ հայտարարում են, որ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: