ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դենի Դեւիսը, Լինկոլն Դիազ-Բալարթը, Դարել Իսսան եւ Քենդիս Միլլերը պաշտոնապես միացել են Կոնգրեսի Հայաստանին աջակցության խմբին: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, այդ որոշումը կոնգրեսականներն ընդունել են Վաշինգթոնում վերջերս կայացած խորհրդաժողովից հետո` նվիրված հայկական հարցերին աջակցման ակտիվացմանը: Այսպիսով, Կոնգրեսի «հայկական խմբի» անդամների թիվը դարձել է 131: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խումբը ստեղծվել է 1995 թվականին` նպատակ ունենալով զարգացնել համագործակցությունը ԱՄՆ եւ ՀՀ միջեւ, ինչպես նաեւ խորացնել հայ եւ ամերիկյան ժողովուրդների միջեւ կապերը:






