Ապրիլի 22-ին ԱՄՆ Սպիտակ տան մոտ հավաքված մի խումբ ամերիկահայեր բողոքի ակցիա էին կազմակերպել, որի ընթացքում կոչ են արել նախագահ Բարաք Օբամային ճանաչել 1915-ին 1.5 միլիոն հայերի սպանդը որպես ցեղասպանություն: «Ասպարեզը» հայտնում է, որ ակցիայի հեղինակը «Անի» հայկական երիտասարդական միությունն էր՝ Վաշինգտոնում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոմիտեի հետ համատեղ:
«Ցեղասպանության մասին նախագահ Օբամայի գրառումը շատ հեռու է այն խոստումներից, որոնք նա հնչեցնում էր որպես սենատոր և նախագահի թեկնածու: Պարզվում է՝ նա անկարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև վերջ դնել Սուդանի նախագահ Օմեր Ալ Բաշիի Նուբայի հարձակումներին ժողովրդի և Հարավային Կորդոֆանի վրա»,- ասել է ՀԵՄ «Անի» նախագահ Թեվին Փոլատյանը:
Սպիտակ տան ցուցարարների շարքերում էր նաև Կալիֆորնիա նահանգի Վիզալիայի քաղաքապետ Էմի Շուկլյանը, ում տատը վերապրել է 1915-ի ցեղասպանությունը: Շուկլյանի ուղերձը ԱՄՆ նախագահին հետևյալն էր. «Ճանաչեք ցեղասպանությունն ինչպես այն եղել է, պարոն նախագահ՝ Ցեղասպանություն»:
Ցույցը տևել է մոտ երկու ժամ. ցուցարարներին չի խանգարել նույնիսկ հորդառատ անձրևը: 2008 թվականի հունվարին իր ուղերձում Բարաք Օբաման նշել էր. «ԱՄՆ-ին անհրաժեշտ է առաջնորդ, ով կասի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև կարձագանքի բոլոր ցեղասպանություններին: Եվ ես մտադիր եմ լինել այդ նախագահը»: