Ապրիլի 21-ին Սան Պաուլոյի կենտրոնական` Ավենիդա Պաուլիստա պողոտայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված բազմամարդ երթ: Մասնակիցները՝ բրազիլահայ համայնքի կրոնական և աշխարհիկ բոլոր միությունների և կազմակերպությունների ղեկավարներն ու անդամներն էին, ինչպես նաև հայ և բրազիլացի երիտասարդական ու սկաուտական ջոկատներ՝ ավելի քան 500 մարդ:
Քայլերթի մասնակիցները ցույցի էին դուրս բերել ցեղասպանության դրվագները պատկերող և նրա հեղինակներին դատապարտող տեքստերով երեք մետր բարձրությամբ երեսուն ցուցատախտակ, Հայաստանի Հանրապետության դրոշներ, երեք հազար պոստերներ և հինգ հազար քարոզչական բրոշյուրներ:
Տեղական մամուլն ու հեռուստատեսությունը, ինչպես նաև համայնքային ղեկավարությունը Ցեղասպանությունը դատապարտող ներկա միջոցառումը գնահատել է որպես վերջին տասնամյակների ամենախոշոր ելույթ բրազիլահայության, հատկապես նրա երիտասարդական թևի համար:
Ապրիլի 22-ին Սան Պաուլոյի Հայ Առաքելական «Սբ. Գրիգոր» եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն` ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանի, Սան Պաուլոյում ՀՀ պատվո գլխավոր հյուպատոս Հիլդա Բուրմայանի, Սան Պաուլոյի քաղաքային խորհրդարանի պատգամավորների և այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Պատարագներ են մատուցվել նաև Հայ կաթողիկե և Կենտրոնական ավետարանական եկեղեցիներում: