AM
24 April 2012 - 14:16 AMT

Ոստիկանները խանգարել են հունահայության բողոքի ցույցին

Ապրիլի 22-ի երեկոյան, Նոր Զմյուռնիայի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ հոգեհանգստյան արարողությունից անմիջապես հետո տեղի է ունեցել բողոքի երթ դեպի Աթենքի թուրքական դեսպանատուն, որը կազմակերպել էր ՀՅԴ Երիտասարդական Միությունը: Հայաստանի եռագույնը ձեռքում երթի մասնակիցներն անցել են Սինտաղմայի հրապարակով, այնուհետև` Աթենքի կենտրոնական Վասիլիսիս Սոֆիաս պողոտա և վերջում ուղևորվել դեպի Թուրքիայի դեսպանատուն: «Ղարաբաղը մերն է» և «Ղարաբաղ պատկանում է հայերին» կարգախոսերը հնչեցնելով նրանք առաջացել են դեպի Ռիղիլիս պողոտա, որտեղ արդեն նրանց սպասում էին ոստիկանները:

Վերջիններս մեքենաներով փակել էին փողոցը, սակայն դա չխանգարեց երիտասարդներին շարունակել ճանապարհը դեպի դեսպանատուն` բողոքի հուշագիրը հանձնելու: Տեսնելով իրավիճակը ոստիկանները արգելափակել են շրջակա տարածքը, ինչը խանգարել է հայության խաղաղ ցույցին: ՀՅԴ Երիտասարդական Միութունը որոշել է ետ դառնալ Սինտաղմայի հրապարակ, որտեղ արդեն պահանջում էին Հունաստանի կառավարությունից չենթարկվել թուրքական ճնշումներին: Թեև թուրքական պետությանը հաջողվեց ոստիկանության միջոցով խափանել Թուրքիայի դեսպանատանը մոտենալու այս փորձը, այնուամենայնիվ երիտասարդները պատրաստվում են գործը ավարտին հասցնել:

Բողոքի ցույցից հետո, ՀՅԴ Հայ Դատի Հանձնախումբը մամլո հայտարարություն և հունալեզու տեսաերիզ է տարածել` խստորեն դատապարտելով պետության կեցվածքը, որն օր առաջ պաշտոնական պետական դեմքերով ներկա էր և ողջունում էր Ապրիլյան 97-ամյակի քաղաքական ձեռնարկները, իսկ արդեն հաջորդ օրը՝ ծեծով խոչընդոտում է ժողովրդի արդար պահանջը: