Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հակված չէ վրացիների եւ հայերի միջեւ երկրի Ծալկայի շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքը դիտարկել որպես էթնիկ բախում: «Դա ազգամիջյան բախում չէ: Դա ուղղակի հասարակ կռիվ է եղել վրացիների եւ հայերի միջեւ: Սակայն մենք չենք թույլ տա իրավակարգի խախտումներ եւ մատդիր չենք ներքաշվել սադրանքի մեջ»,- երեկ լրագրողներին է հայտարարել Վրաստանի նախագահը: Նա նշել է, որ «Աջարիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Վրաստանի թշնամիները նահանջեցին»: «Մեր հարեւանները չեն թաքցնում իրենց հիացմունքը Աջարիայի իրավիճակի խաղաղ հանգուցալուծմամբ: Ինձ հետ հեռախոսազրույցում դա են արտահայտել Հայաստանի եւ Ուկրաինայի նախագահները»,- ասել է Սահակաշվիլին: Նրա խոսքերով, «Վրաստանի որոշ թշնամիներ ցանկանում են երկիրը ներքաշել նոր հակամարտության մեջ»: «Մենք թույլ չենք տա շանտաժի ենթարկել մեզ եւ բոլորին համարժեք պատասխան կտանք»,- ասել է Սահակաշվիլին: Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Ծալկայի շրջկենտրոնում (Արեւելյան Վրաստան) ֆուտբոլային խաղից հետո, որին մասնակցում էին տեղի գյուղերի երիտասարդ բնակիչները, ծեծկռտուք է տեղի ունեցել վրացիների եւ հայերի միջեւ: Ծեծկռտուքի արդյունքում մոտ 10 հոգի ստացել են վնասվածքներ: Շրջան է մտցվել Վրաստանի ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանում: