2012-ի Օլիմպիադայի ֆուտբոլային մրցաշարի ավելի քան 1,4 մլն տոմսեր ապրիլի 30-ին Մեծ Բրիտանիայում հանվել են վաճառքի: Ֆուտբոլի երկրպագուները կարող են գրանցվել մինչև մայիսի 6-ը: Մեկնարկային արժեքը՝ 32,5 դոլար:
Տեղի երկրպագուների համար առավել ցանկալի են մրցաշարի 5 խաղերի տոմսերը՝ Անգլիայի և Ուրուգվայի հավաքականների միջև խմբային խաղը, տղամարդկանց թիմերի քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ խաղերը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց եզրափակիչ խաղերը:
Վաճառքի առաջին փուլի ընթացքում պորտալի «կախվելու» պատճառով վաճառողները ստիպված են եղել երկարացնել դրանց ժամկետը: Երկրորդ փուլի ժամանակ կայքում վաճառվել են 10 հազար տոմսեր սինխրոն լողի համար, որոնք, ինչպես պարզվել է ավելի ուշ, ուղղակի չեն եղել:
Այդ մասին տոմսերի «տերերը» իմացել են հաջորդ օրը, երբ ցանկացել են վճարել տոմսերի համար: Ընդհանուր առմամբ վաճառքի են դրվելու 6,6 մլն տոմսեր: Դրանցից 2,5 մլն-ի արժեքը չի գերազանցում 32,5 դոլարը: Մնացածների մեկնարկային արժեքը սկսվում է 46 դոլարից մինչև 130 դոլար:
Ամենաթանկ տոմսերից են տղամարդկանց շարքում 100 մ սպրինտերային մրցավազքի եզրափակչի տոմսերը՝ 1177 դոլար:






