AM
18 May 2004 - 18:47 AMT

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԾԱԼԿԱՅԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆԱՑԵԼ Է, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Իրավիճակը Վրաստանի Ծալկայի շրջանում հարաբերականորեն կայունացել է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են վրացական աղբյուրները, այսօր հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Բարամիձեն, որը Ծալկայի շրջան է ժամանել տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Ծաշկայի շրջկենտրոնում (Արեւելյան Վրաստան) տեղի գյուղերի երիտասարդների միջեւ անցկացված ֆուտբոլային խաղից հետո ծեծկռտուք էր տեղի ունեցել տեղի աջարների եւ հայերի միջեւ: Իրավակարգի ապահովման նպատակով մայիսի 11-ին շրջան էր մտցվել ներքին զորքերի լրացուցիչ ստորաբաժանում: Այսօր հանդիպելով Ծալկայի բնակիչների եւ իշխանությունների հետ` Բարամիձեն հայտարարել է, որ «ներկայումս շրջանում իրավակարգի պահպանման համար հատուկ միջոցառումների անցկացման անհրաժեշտություն չկա»: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ պետությունը պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնի այս տարածաշրջանին ոչ միայն քրեածին իրավիճակի բարելավման տեսակետից, այլեւ բնակչության սոցիալական եւ տնտեսական խնդիրների լուծման համար: Մասնավորապես, նախարարի կարծիքով, պետք է անցկացնել Ծալկա-Թբիլիսի ավտոճանապարհ: