Մայիսի 19-ին Վրաստանում իր աշխատանքն է սկսել վերջերս Ծալկայի շրջանում (Արեւելյան Վրաստան) սրված իրավիճակի կարգավորման հարցերով հատուկ կառավարական հանձնաժողովը: Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Ծալկայի շրջկենտրոնում տեղի գյուղերի երիտասարդների մասնակցությամբ ֆուտբոլային խաղի ավարտից հետո տեղի էր ունեցել ծեծկռտուք, որը վերաճել էր լուրջ դիմակայության աջարների եւ հայերի միջեւ: Ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, շրջանում ազգամիջյան վստահության ձեւավորմանը ուղղված ջանքերից բացի հանձնաժողովը ծրագրում է նաեւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում: Ինչպես հաղորդել է հանձնաժողովի անդամ, Վրաստանի ենթակառուցվածքների եւ զարգացման փոխնախարար Հենրիկ Մուրադյանը, մի շարք խնդիրներ հնարավոր կլինի լուծել: Ընդ որում նա ընդգծել է Քվեմո Քարթլիում նախագահի լիազոր ներկայացուցիչ Սոսո Մամզիշվիլու հայտարարության կարեւորությունը, ըստ որի Ծալկայի հայերի մոտ զենքի առկայության լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Դա, փոխնախարարի կարծիքով, կծառայի Ծալկայում փոխադարձ վստահություն հաստատմանը: Այդ նպատակով հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 26-ին Ծալկայում կանցկացվի Վրաստանի անկախության օրվան նվիրված խոշոր միջոցառում, շրջանի բնակիչների մասնակցությամբ: