Եվրոպայի հայերի համագումարը հանդես է եկել կոչով` միանալ Թուրքիայում ավերման եզրին գտնվող հայկական «Ախթամար» եկեղեցու փրկմանը ուղղված արշավին: Որպես օրինակ Համագումարը բերում է «Զաման» թուրքական թերթում հրապարակված հոդվածը, որը նախազգուշացնում է, որ առաջիկայում եկեղեցին կարող է ավերվել թուրքական իշխանությունների անտարբերության պատճառով: Հոդվածի համաձայն, համաշխարհային ճարտարապետության այդ հուշարձանը, որը 10-րդ դարում կառուցվել է Վանա լճի Ախթամար կղզում, վերցված չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ: Եկեղեցին, որը ոչ ոք չի պահպանել, տուժել է ժամանակից եւ տարերային աղետներից, ինչպես նաեւ գանձեր որոնողների ձեռքից` նրա հիմքում եւ առաստաղում ճաքեր եւ անցքեր են առաջացել: Ինչպես թերթին է հաղորդել Թուրքիայի Վանի շրջանի մշակույթի եւ տուրիզմի բաժնի տնօրեն Բիլալ Սոմնեզը, ներկայումս պատրաստվում է եկեղեցին ավերումից փրկելու նախագիծ: Նրա խոսքերով, այդ հարցն արդեն ներկայացվել է Թուրքիայի Մշակութային եւ բնական արժեքների խորհրդի քննարկմանը: