Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի հետ:
Հյուրը նախ շնորհավորեց քաղաքական կարևոր իրադարձության ՀՀ խորհրդարանական ընտրությունների բարեհաջող ավարտի կապակցությամբ, այնուհետև համառոտակի ներկայացրեց իր դիվանագիտական գործունեության ընթացքում երկու երկրների միջև իրականացված հարաբերություններին: « Մեր ռազմավարական հարաբերությունները բխում են երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքից, որը նպաստել է նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդմանը»,-նշեց նա:
Սերգո Կարապետյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին` գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը նպաստելու համար: Նախարարը հաջողություններ մաղթեց Սեյեդ Ալի Սաղայանին իր հետագա գործունեության մեջ, և հույս հայտնեց, որ նա առաջիկայում ևս նույն ջանադրությամբ իր նպաստը կբերի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:






