Փարիզում անց է կացվում մի շարք միջոցառումներ` նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչի հաղորդման համաձայն` միջոցառումները մեկնարկել են շուրջ երկու ժամ տեւած փարիզյան «Այբ ՖՄ» ռադիոկայանի ֆրանսալեզու հաղորդումից հետո, որի ընթացքում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Վահագն Աթաբեկյանը եւ ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը նշեցին Շուշիի ազատագրման ինչպես խորհրդանշական, այնպես էլ ռազմավարական նշանակությունը ողջ հայության համար՝ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում:
Հաղորդման մասնակիցները պատասխանեցին ուղիղ եթերում ռադիոունկնդիրներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին։ Շուշիի ազատագրման 20-ամյակի առիթով մի շարք միջոցառումներ են նախատեսված ինչպես Փարիզում, այնպես էլ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում` Բիարիցում, Վալանսում, Ալֆորվիլում, Դեսինում, Մարսելում եւ այլուր: