AM
10 June 2004 - 17:39 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՊԱՐՏ Է, ՈՐ ԻՐ ՄԱՅՐԸ ՀԱՅՈՒՀԻ Է

Իմ մայրն ազգությամբ հայուհի է, եւ ես միշտ հպարտությամբ եմ խոսելու այդ մասին: Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան` պատասխանելով կառավարության անդամներին ուղղված պատգամավոր Գոչա Պիպիայի պահանջին` հայտնել իրենց եւ իրենց ծնողների ազգության, ինչպես նաեւ կրոնական պատկանելության մասին: Ինչպես հաղորդում են վրացական աղբյուրները, Պիպիայի ելույթը վրդովմունք է առաջացրել խորհրդարանի եւ կառավարության ղեկավարության շրջանում, որոնք պատգամավորի նման արտահայտությունները որակել են որպես հակասահմանադրական: Ի նշան բողոքի Վրաստանի կառավարության անդամները լքել են խորհրդարանի նիստերի դահլիճը: Իսկ Զուրաբ Ժվանիան հայտարարել է, որ «ամոթով է հիշելու այն, որ Վրաստանի խորհրդարանում նման հարց է բարձրացվել»: