Երեւանի բնակիչ Մանվել Սարգսյանը ձգտում է հանդիպել հյուրախաղերով Մոսկվա ժամանած հայտնի ամերիկացի երգչուհի Շերի (Շերիլին Սարգսյան-Լապյերի) հետ: Ինչպես հաղորդում է մոսկովյան «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, Մոսկվայի Շերեմետյեւո օդանավակայանում ավտոբուսին, որտեղ նստած էր Շերը, մոտ վազեց մի տարեց հայ եւ ցույց տվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների համազգեստով մի զինվորի լուսանկար: Սակայն Շերը մեկնեց: Ինչպես հետո պատմել է Մ.Սարգսյանը թերթի թղթակցին, իր հայրը` Վարդանը եւ Շերի հայրը` Կարապետը հարազատ եղբայրներ են: 1941 թվականին Հայաստանում բնակվող երեք Սարգսյան եղբայրները որպես կամավորներ մեկնել են ռազմաճակատ: Եղբայրներից մեկին սպանել են գերմանացիները, երկրորդին գնդակահարել են յուրայինները, իսկ Կարապետը` Բուլղարիայի տարածքով մեկնել է Ամերիկա, որտեղ դարձել է Ջոն Սարգսյան: Հարազատների հետ կապ նա չի պահպանել: Այժմ նրա զարմիկ Մանվելը ցանկանում է տեղափոխել իր ազգականի աճյունը Հայաստան եւ նույնիսկ պատրաստ է հանձնել արյունը գենետիկ անալիզի: Հրապարակման համաձայն, եթե ամեն ինչ հաստատվի, ազգականները կգտնեն միմյանց: Սակայն առայժմ հայտնի չէ կցանկանա՞ արդյոք Շերը արյուն հանձնել: Դատելով նրա արձագանքից օդանավակայանում, նա դեռեւս չի որոշակիացրել իր վերաբերմունքը ազգակցական կապերի հանդեպ, գտնում է թերթը: