AM
2 September 2004 - 14:30 AMT

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՊՐԱՀԱՅՈՒՄ ԻՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Պրահայի վերջին հանդիպումը մինչ այդ կայացածների շարքում ամենակարեւորն էր, որի ընթացքում կողմերը եւս մի կարեւոր քայլ են արել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` պատասխանելով Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի հարցերին: Նախարարը նշել է, որ նման հանդիպումների նպատակը բանակցությունների համար այն հիմքերի ստեղծումն է, որոնց վրա կհիմնվեն առաջիկա հանդիպումները թե նախարարների, թե նախագահների մակարդակով: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով հանդիպման արդյունքները` Օսկանյանը նշել է, որ եթե կողմերը շարունակեն նույն ոգով, ապա վերջ ի վերջո իրոք կկարողանան այն հիմքը ստեղծել, որն ավելի մեծ հնարավորություն կընձեռի հետագայում դրական արդյունքների հասնելու համար: Օսկանյանը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա Աստանայում, ԱՊՀ ղեկավարների հերթական գագաթնաժողովի շրջանակներում: