Այսօր ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացուցիչ Անն-Բիրգիթ Ալբրեկտսենին, որը Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակներում: Զրույցի ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցիչը գոհունակությամբ նշել է արդյունավետ համագործակցությունը ինչպես հայաստանյան գերատեսչությունների, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Խոսելով ծննդաբերության ժամանակ զոհերի թվի նվազման ուղղությամբ իրագործվող ծրագրերի մասին` Անն-Բիրգիթ Ալբրեկտսենը հաղորդել է, որ այդ ցուցանիշով Հայաստանը գրեթե հավասարվել է ԵՄ երկրներին: Նշենք, որ Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի մշտական ներկայացուցչությունը Հայաստանում բացվել է 1995 թվականին` նպատակ ունենալով բարելավել վիճակը վերարտադրողական առողջության ոլորտում, նպաստել բնակչության հիմնահարցերի լուծմանը, ինչպես նաեւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարին: