Եկել է ժամանակը նախագահների մակարդակով քննարկելու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Պրահայի հանդիպման արդյունքները, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներրը կտեղեկացնեն նախագահներին այդ հանդիպման արդյունքների, մասնավորապես, հակամարտության կարգավորման վերաբերյալ ներկայացված գաղափարների մասին: Մամեդյարովի խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին քննարկման համար կներկայացվի մի կոնցեպցիա, համաձայն որի գրավյալ տարածքները պետք է ազատվեն, իսկ` հարկադրաբար վերաբնակվածները վերադարձվեն մշտական բնակության վայրեր: Եվ միայն դրանից հետո Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է դառնալ քննարկման առարկա, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Մեկնաբանելով Է.Մամեդյարովի տվյալ հայտարարությունը, Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը նշել է, որ Ադրբեջանը հերթական անգամ ցանկալին ներկայացնում է որպես իրողություն: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 16-ին Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում: