Ղարաբղյան հակամարտությունը տարածաշրջան և Բաքու կատարած այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էր, հինգշաբթի Բաքվում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը: «ԵԱՀԿ-ն կոչ է անում կողմերին շարունակել աշխատել կարգավորման հիմնական սկզբունքների, ուժ չկիրառելու շուրջ, ինչպես նաև հեռացնել դիպուկահարներին զորքերի շփման գծից»,-ասել է Գիլմորը:
Ըստ նրա, ժամանակն է հակամրտության կողմերի միջև վստահություն ամրապնդելու:
«ԵԱՀԿ-ն աջակցում է Մինսկի խմբի ջանքերին»,-ասել է Գիլմորը:
Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ն բոլոր որոշումները կայացնում է կոնսենսուսի հիման վրա: «Սա աշխարհում միակ կազմակերպությունն է, որին անդամակցում են 56 մասնակից-պետություններ, որոնք համաձայնության են գալիս կոնսենսուսի հիման վրա»,-ասել է Գիլմորը: Նա նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն ունի հակամարտությունների խաղաղ կարգավորման հստակ սկզբունքներ:
«Հենց դրա համար մենք ստեղծել ենք մի խումբ սկզբունքներ, որոնց հիման վրա կարող է կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ սկզբունքները կհամաձայնեցվեն կողմերի հետ»,-ասել է նա, հաղորդում է Տրենդը:
Գիլմորի խոսքով, ԵԱՀԿ-ն շարունակելու է աշխատանքները, որպեսզի կողմերը գան ղարաբղյան հակամարտության խաղաղ կարգավորման:
Վերջին ժամանակներս ադրբեջանական կողմն անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը`կրակ բացելով հայկական գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև դիվերսիոն գործողություններ անցկացնելով Հայաստանի և Ղարաբաղի սահմանին: Ըստ որոշ տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունների հետևանքով վերջին օրերին սպանվել է 21-25 ադրբեջանցի զինծառայող
Հարկ է նշել, որ ադրբեջանական ղեկավարությունը էլ չգիտի, թե ինչ հորինի՝ բացատրելու համար իր զինծառայողների մահվան ու վիրավորվելու դեպքերն ու փորձելով թաքցնել դրանց իրական պատճառները՝ այդ դիվերսանտները սպանվել կամ վիրավորվել են հայկական ուժերի կողմից՝ ադրբեջանական դիվերսիան կանխելու ժամանակ: