Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունը հրաժարվել է մուտքի արտոնագրեր տրամադրել 5 հայ սպաներին, որոնք մտադիր են մասնակցել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանում մեկնարկող «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Ադրբեջանական դեսպանատան աշխատակիցները իրենց մերժումը բացատրել են «Ադրբեջանի ղեկավարության կողմից քաղաքական որոշման բացակայությամբ»: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլի 26-ին Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի փոխհրամանատար Չարլզ Վոլդն Երեւանում հայտարարել էր. «Ի.Ալիեւն ինձ անձամբ հավաստիացրել է, որ հայ զինծառայողները կկարողանան մասնակցել այդ զորավարժություններին»: Բացի այդ, Վոլդը ավելացրել էր, «այդ հարցով զբաղվում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բարնսը»: Նշենք, որ սեպտեմբերի 9-ին Վոլդը, գտնվելով Բաքվում, քննարկել էր դա նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ: