AM
25 Սեպտեմբեր 2004 - 15:21 AMT

ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՏՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Սեպտեմբերի 22-ին Ախալքալաքում տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների եվրոպական կենտրոնի (ԱՓԵԿ) ներկայացուցիչների հանդիպումը Վրաստանի հայաբնակ Սամցխե Ջավախքի հասարակական եւ քաղաքական գործիչների հետ: Կենտրոնը Ախալքալաքում բացել է գրասենյակ, որի միջոցով մտադիր է իրականացնել տարածաշրջանը կենտրոնի հետ ինտեգրման ծրագիր: ԱՓԵԿ-ի Ջավախքի ինտեգրման ծրագրի մենեջեր Մ.Հերթովթը իր մտահոգությունն է հայտնել ինտեգրման հարցերի առնչությամբ, որից հետո, ջավախքցիները ներկայացրել են իրենց խնդիրներրը` վրացական իշխանությունների խտրական քաղաքականությունը, որի նպատակը տեղում ժողովրդագրական պատկերի փոփոխությունն է, սուբյեկտիվ կադրային քաղաքականությունը, հայկական հասարակական կազմակերպությունների անտեսումը միջազգային գրանտների տրամադրման հարցում, վրաց լեզվի պարտադիր ուսուցման պահանջը համապատասխան պայմանների բացակայության դեպքում: Հանդիպման վերջում մասնակիցները հույս են հայտնել, որ բոլոր խնդիրները կլուծվեն փոխըմբռնման պայմաններում: