ԱԺ հանրապետական խմբակցության անդամ, Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը կառավարության ներկայացրած 5-ամյա ծրագիրը համարում է հիմնարար քաղաքական փաստաթուղթ, որը կարող է հիմք ծառայել նրա գործունեության կոնկրետ ծրագրերի մշակման համար:
«Այդ փաստաթուղթը չէր կարող վերլուծական հաշվարկներ, ժամանակացույցեր ու մեխանիզմներ պարունակել, քանի որ կառավարությունը Սահմանադրությամբ նախատեսված 20-օրյա ժամկետում չէր կարող այլ փաստաթուղթ ներկայացնել և ավելին պահանջելն աննպատակահարմար է»,-ասել է նա հունիսի 27-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ավելին, ըստ նրա, ԱԺ-ն ևս 48 ժամում չէր կարող մանրակրկիտ քննարկել այս փաստաթղթի բոլոր դրույթները:
Միաժամանակ Խոսրով Հարությունյանը նշել է, որ փաստաթուղթը «ադեկվատ էր», քանի որ նշված են գործադիր մարմնի առաջիկա 5 տարիների գերակայություններն ու խնդիրները, այդ թվում, պայքարը կոռուպցիայի դեմ, բնակչության եկամուտների բևեռացման դեմ, Երևանի ապակենտրոցաման և մարզերի համաչափ զարգացումը, ՓՄՁ-ների զարգացումը: «Հարցն այստեղ միայն վստահությունն է, որ կառավարությունը կկարողանա իրականացնել այն»,-ասել է նա:






