Հայաստանը պատրաստվում է փախստականների հնարավոր հոսքին Իրաքում ռազմական գործողությունների ծավալման դեպքում: Ինչպես երեկ Հայաստանի հանրային հեռուստատեսությանն է հայտարարել ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, «պատերազմի դեպքում Իրաքում բնակվող հայերը կարող են ցանկանալ վերադառնալ հայրենիք»: Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը քայլեր է ձեռնարկում Իրաքում բնակվող հայրենակիցների համար հայկական վիզա ստանալու գործընթացը պարզեցնելու համար: Նախարարը նաեւ նշել է, որ արդեն Հայաստան են տեղափոխվել Իրաքում աշխատող հայ դիվանագետների ընտանիքները: Անհրաժեշտության դեպքում ԱԳՆ-ն մտադիր է հայրենիք տեղափոխել նաեւ դիվանագետներին, ասել է նա: Վ.Օսկանյանը հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանը հանդես է գալիս ՄԱԿ-ի շրջանակներում իրաքյան ճգնաժամը լուծելու օգտին: «Մենք մշտապես խորհրդակցում ենք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ»,-ավելացրել է նախարարը: Տարբեր գնահատականներով Իրաքում բնակվող հայերի թիվը հասնում է մի քանի տասնյակ հազարի: