Ֆրանսիայի խորհրդարանում թեժ բանավեճ է ընթացել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի առնչությամբ: Ինչպես հաղորդում է www.euroneus.net, քննարկման ընթացքում վարչապետ Ժան Պյեռ Ռաֆարենը հայտարարել է, որ Թուրքիան դեռեւս հեռու է Եվրոպայից սոցիալական, տնտեսական եւ քաղաքական տեսակետից: Նա ընդգծել է, որ ոչ ԵՄ-ն, ոչ Անկարան պատրաստ չեն Թուրքիայի անդամակցությանը: Ինչպես նշում է աղբյուրը, գիտենալով, որ տվյալ հարցի վերաբերյալ քվերակության դեպքում խորհրդարանը կհանգի բացասական որոշման, Ֆրանսիայի կառավարությունը որոշել է, որ քվեարկություն չի լինի: Այնուամենայնիվ, սոցիալիստները աջակցում են Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու հարցում` հավաստիացնելով, որ երկարաժամկետ հեռանկարում դա օգուտ կբերի երկու կողմերին: Նշենք, որ այս առնչությամբ տարակարծություն կա նաեւ Ֆրանսիայի թուրքական համայնքի ներկայացուցիչների մոտ: Ինչպես մեկնաբանել է այդ հարցը Փարիզի թուրքական համայնքի ներկայացուցիչը, ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է դառնա այնպիսի երկիր, որտեղ պահպանվում են մարդու իրավունքները, ինչպես նաեւ անհրաժեշտ է զարգացնել առավել ժողովրդավարական եւ բաց հասարակություն: