AM
27 October 2004 - 14:40 AMT

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԵՐԻԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՇԻՆԳԹՈՆԸ ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

2004 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում սենատոր Ջոն Քերիի ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում, Վաշինգթոնը շատ շուտ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը: Նրա խոսքերով, եթե ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան ստիպված կլինի վերջ տալ այդ հարցի վերաբերյալ «մոռացկոտության» քաղաքականությանը: Ընդ որում կոնգրեսականը նշել է, որ Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից միայն ժամանակի հարց է եւ կգա մի օր, երբ Ցեղասպանությունը կճանաչի նաեւ Թուրքիան: ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջոն Քերիի ընտրվելուն պես Կոնգրեսը շուտով կընդունի համապատասխան բանաձեւ, ավելացրել է Ա.Շիֆը: Թուրքիան վարում է սխալ քաղաքականություն` հրաժարվելով ճանաչել Ցեղասպանությունը, փաստերը ճանաչելու եւ առաջ շարժվելու փոխարեն, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա թուրքական տնտեսության վրա եւ կազատի Հայաստանը շարունակվող շրջափակումից, նշել է ամերիկացի խորհրդարանականը: Նրա խոսքերով, Ցեղասպանության ճանաչումը լավագույն տարբերակ է բոլոր կողմերի համար: «Ես վճռական եմ տրամադրված եւ խոստանում եմ ջանք չխնայել այն բանի համար, որ Հայոց ցեղասպանությունը որքան կարելի է շուտ ճանաչվի ԱՄՆ կողմից»,-ընդգծել է Ա.Շիֆը: