AM
5 November 2004 - 17:55 AMT

ՆԱՏՕ-Ն ԿԱՐՈՂ Է ՄԻԱՆԱԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՀԵՏԱԳԱ ՓՈՒԼԵՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԴԱՇԻՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Բաքվի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆֆերը հույս է հայտնել, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: «Այդ հարցում միջնորդները պետք է լինեն համաշխարհային հանրությունը եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը»,-ասել է նա` միաժամանակ նշելով, որ «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն Ադրբեջանի կողմնակցությունը նպաստում է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովմանը»: Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք ՆԱՏՕ-ն զբաղվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ` Սխեֆֆերը պատասխանել է, որ առկա են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով խնդրի լուծման բոլոր հնարավորությունները: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ի դերը կարող է կայանալ «կողմերի երկխոսության պաշտպանության» մեջ: Միաժամանակ Սխեֆֆերը չի բացառել, որ ՆԱՏՕ-ն կարող է միանալ հետագա փուլերի կարգավորման հարցերի լուծմանը կողմերի միջեւ որոշակի պայմանավորվածություններ ձեռքբերելուց հետո: