Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Փոնսելեի հրավերով Փարիզում գտնվող Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ Է ունեցել այդ երկրի խորհրդարանի եւ կառավարության անդամների հետ: Ինչպես հայտնել են Ազգային ժողովի մամլո ծառայությունում, արտաքին գործերի պետական քարտուղար Ռենե Մյուզլիեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են միջպետական եւ տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող հարցեր, Հայաստանի հետագա ինտեգրումը Եվրոպային: Ա.Բաղդասարյանը հանդիպել Է նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին եւ քննարկել նրա հետ միջխորհրդարանական կապերի հարցը: Ինչպես նշել է Ֆ.Ռոշբլուանը, 2006 թվականին Ֆրանսիայում պետական մակարդակով նշվելու է Հայաստանի տարին, ինչը հիանալի հնարավորություն կլինի աշխարհին ներկայացնել հայ մշակույթը: Ֆրանսիացի խորհրդարանականը նշել է նաեւ, որ Թուրքիան չի կարող անդամակցել Եվրամիությանը, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նշենք, որ զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացման հեռանկարները: